Friday, December 11, 2015

Փառահեղ էր որսը․ 16/42

Ուրիշ տեղամաս էինք փնտրում, բայց տեսանք մթնեցված ապակիներով մեքենաների կուտակում մի դպրոցի մոտ ու ներս մտանք։

Միջանցքը թափանցիկ մոմլաթով անջատած էր մուտքի կողմից, գլանաձեւ վառարանով էր տաքացվում տարածքը, ավելի շուտ՝ չէր տաքացվում։ Վառարանի մոտ մի քանի տղամարդ էին կանգնած, որից մեկը հանձնաժողովի նախագահն էր, հարցրեցին որտեղից ենք, ասացի՝ «Ասպարեզ» օրաթերթից։ Բա ինչի՞ չեք գալիս մեզ լուսաբանեք, մեր գյուղը՝ Խարբերդը, ես գյուղապետն եմ։ Ասացի՝ իսկ ի՞նչ եք անում տեղամասում։ Միանգամից զվարթ ձայնը լրջացավ՝ եկել էի քվեարկելու։ Քվեարկեցի՞ք։ Չէ, պատկերացնո՞ւմ եք, հասա տեղամաս ու տեսա, որ անձնագիրս մոռացել եմ։ Ու գյուղապետն արագ չքացավ ու այլեւս չվերադարձավ ոչ անձնագրով, ոչ էլ առանց անձնագրի։

Առավոտյան ժամը 10-ն անց էր երեւի մի 10-20 րոպե։ Հանձնաժողովի հանրապետական նախագահը մեզ աչքալույս տվեց, որ արդեն մի 200 հոգի քվեարկել են։ Մեր մեջ ընտրական փորձագետ կար՝ մոսկովյան «Գոլոս» հաս․ կազմակերպությունից Ռոման Ուդոտը։ Միանգամից հաշվեց՝ 120 կամ առավելագույնը 140 րոպեում 200 քվեարկությո՞ւն։ Այնինչ մեր ներս գալու պահին գրեթե մարդ չկար։

Բնականաբար Ռոմանն առաջինը ստուգեց քվեատուփի  պարունակությունը։ Ու մինչ նա հրճվանքով հայտնաբերում էր կուսական անաղարտությամբ դարսված քվեաթերթիկների տրցակեր, իմ աչքը գրավեց, որ քվեատուփի վրայից բացակայում են կարմիր պլոմբները, թեեւ ինքնակպիչներ կային, այն էլ երկու շերտով։ Տուփը լուսանկարեցի ու անցա առաջ՝ բլոկնոտս հանելու ու գրառումներ անելու համար։ Հանձնաժողովի նախագահը վայրկենական հագցրեց պլմբները ու ավելի ուշ հայտարարեց, թե դրանք սկզբից եւեթ տեղում են եղել։

Խնդրեցի նեկայացնել հանձնաժողովի անդամներին։ Վիճակահանության արդյունքներով պիտի քվեատուփի մոտ նստած լիներ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, բայց նրա փոարեն ընտրատարածքայինի ներկայացուցիչն էր։ Նախագահը պարզաբանեց, թե նա գնացել է քվեարկելու։ Բայց երբ նա վերադարձավ ուղիղ 1 ժամ 37 րոպե՝ մեր մտնելուց հետո, ձեռքին անձնագիրն էր ու ասաց, որ իրեն կանչել էին անձնագրայինից (կիրակի օրով!), որ անձնագիր ստանա ու գա քվեարկելու։ Ի վերջո նա քվեարկեց հենց այդ տեղամասում։

Մեզ վրա գոռում էին ով պատահի՝  «Օրինաց երկրի», «Դաշնակցության», ընտրատարածքայինի ներկայացուցիչները։ Գոռում էին պարբերաբար։ Համեմատաբար խաղաղ մի պահի՝ երկու ծերունիների հետ ներս մտավ մի խոշորակազմ տղամարդ ու հանձնաժողովի նախագահին ասում է, թե շուտ բան արա, քվեարկեն, գնանք, պառավներին հազիվ խաբել-բերել եմ։ Հետո նա «պառավների» հետ գնաց քվեատուփերի մոտ՝ առանց նախօրոք գրանցվելու որպես օգնող։ Կանգնեց երկու քվեատուփերի արանքում ու մեկ մեկին էր օգնում, մեկ մյուսին։ Հանձնաժողովի նախագահը հարկ համարեց ինձ տեղյակ պահել՝ իրա ծնողներն են։ Խոշորակազմ մարդը «իրա ծնողներից» մեկին դիմում էր «տատի»-ով։ Ես լուռ նկարում էի։ Վերջապես հանձնաժողովի նախագահը գլխի ընկավ, որ մեկ ընտրողին մեկ օգնող է հասնում, բայց դե քվեարկությունն ավարտված էր, ձեւացրին թե արձանագրում են օգնողՆԵՐի տվյալները՝ ոտքի վրա որոշելով, որ վստահված անձերից մեկին կգրանցեն որպես օգնող։

Լավ չեմ հիշում, թե երբ հանձնաժողովի անդամները սկսեցին գոռգոռալ մեր վրա։ Կարծեմ այն պահից, երբ մեր թիմի միջազգային դիտորդները խնդրեցին ՀԱԿ-ի ներկայացուցչին, որ արձանագրություն կազմի՝ քվեատուփում երեւացող տրցակների մասին։ Նա էլ էր խոստովանում, որ տեսնում է դրանք, բայց կարմիր բազուկ կտրած կրկնում էր՝ ախր ես էստեղ չեմ եղել։ Ասում էր՝ չի էլ նկատել, որ տեղամասը բացվել է առանց քվեատուփը կարմիր պլոմբով կնքելու։ Շատ վախեցած էր երեւում, ու ինչպես իմացա հետո, նորեկ է համայնքում։ «Ժառանգության» ներկայացուցիչը նույնպես հրաժարվեց արձանագրություն կազմել։

Հիմնականում կանգնած էինք մնում քվեատուփի մոտ։ Հերթական խախտումը նկարելիս տեսա, որ հանձնաժողովի անդամը (դեռ մինչեւ ՀԱԿ-ի ներկայացուցչի վերադարձն էր) ձեռքի մեջ շուռումուռ է տալիս մեկի անձնագիրը ու էնպես է պահում, որ ես կազմի հետեւի մասի ներսի կողմը չտեսնեմ, երեւի զգաց որ հիմա տեսնելու եմ ու արագ է պետք կողմնորոշվել, արագ կողմնորոշվեց, բայց սխալ՝ կնիքը դրեց արդեն եղած կնիքի կողքը։ Երբ պահանջեցի քաղաքացու անձնագիրը, կողքից լուռ դիտող հանձնաժողովի նախագահն ասաց՝ ոչինչ, արձանագրություն կազմենք։

Տարան քարտուղարի մոտ, որը «Ժառանգության» ներկայացուցիչն էր։ քարտուղարը երկար զննում էր մատյանը ու էդպես էլ չէր գտնում համապատասխան էջը։ Քվեաթերթիկն էլ «մարեց» ոչ թե կտրելով մկրատով, այլ մի անկյունից զգուշությամբ այնպես պատռելով, որ ներսում թափանցող քվեաթերթիկը հանկարծ չվնասվի։ Նա մատյանը զննում էր այնքան երկար, որ հերթական խառնաշփոթի մեջ տղան ուղակի գնաց։ Բայց հետո տեսա, որ հեռու չէր գնացել, դպրոցի միջանցքում խմբվել էր մյուս երիտ-տասովշիկների հետ։ Տեղամասի մուտքից դրոցի մուտք ընկած տարածքում։ Իսկ այդ տարածությունը երեւի մի 20 մետր էր։

Իսկ տեղամասի ներսում կուտակումները սկսվել էին մեր ներկայությամբ՝ այն բանից հետո, երբ հասկացան, որ դեռ երկար ենք մնալու, մեզ էլ նոր դիտորդներ են փոխարինելու, չարժե մեր հեռանալուն սպասել։

Չնայած հանձաժողովից ստացած ոչ էնքան բարենպաստ տպավորությանը, մենք տեղամասից հեռացանք խախտումների մի ամբողջ բույլ արձանագրած ու՝ փառահեղ որս արածի զգացողությամբ։

Այնուամենայնիվ Ռոմանը իր հեռուստատեսային հարցազրույցում նկատեց, որ դպրոցի ավերակների մեջ էր տեղամասը, ու հանձնաժողովի պատճառով երեխաները շարունակելու են ավերակների մեջ դպրոց գնալ, որովհետեւ նրանց ծնողները ծախել են նրանց ապագան։

ՀԳ -- Կարդացեք նաեւ Ռոման Ուդոտի գրառումները այս եւ բազմաթիվ այլ խախտումների մասին։ 

Ամենաբարի տեղամասը՝ 16/09

Մասիս քաղաքում մտանք առաջին պատահած տեղամասը, եւ այնպես էր պատահել, որ 16/09-ն էր առաջինը մեզ պատահել :) 

Հայտնվեցինք մի մեծ մարզադահլիճում։ Մի տղամարդ ժպտադեմ առաջ եկավ ու ներկայացավ՝ Ռոբերտ Ղեւոնդյան, ՀՀԿ-ից, հանձնաժողովի նախագահ։ Մեր եղած տեղամասերում դեռ ոչ ոք էդքան սպառիչ չէր ներկայացել։ Ներկայացանք նաեւ մենք՝ Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) փորձագետներ Անաստասիա Ստեֆանովիչը (Լիտվա), Ռոման Ուդոտը  (Ռուսաստան) եւ ես։ Ներկայացանք մեր պաշտոնական կարգավիճակով՝ լրագրողներ, եւ խնդրեցինք մեզ գրանցել, որպեսզի մի փոքր դիտենք քվեարկության գործընթացը։ 

Հանձնաժողովի նախագահը մեզ ուղեկցեց ուղիղ քվեատուփի մոտ։ Այնտեղ նստած մարդու ձեռքի տակ էր մատյանը։ Երբ տաևակուսեցինք, նախագահը պարզաբանեց, որ քարտուղարը գնացել է մի պատառ բան ուտի, դրա համար այս մարդը նրան փոխարինում է։ 

Գրանցվելուց հետո առաջին իսկ դիտարկման ենթարկեցինք քվեատուփը, որում նույնպես ակնհայտ երեւում էին քվեաթերթիկների հավասար դարսած տրցակներ։ Արեւը շատ հաջող կերպով էր ներս ընկնում։ 

Իհարկե, հանձնաժողովից ոչ ոք տեղյակ չէր, թե դա ինչպես է պատահել։ 

Նախորդ տեղամասերի փորձից արդեն ոչինչ չէր զարմացնում։ Չէր զարմացնում, որ քվեատուփի մոտ նստած տղամարդը իբր ՀԱԿ-ից էր, բայց թույլ էր տալիս որ ծրարները քվեատուփ գցեին՝ առանց անձնագրերը ցույց տալու, ինչն արձանագրեցինք մի երկու գողտրիկ վիդեոյով։ 

Ընտրացուցակները փակցված էին որպես տեղամաս ծառայող հսկայական դպրոցական մարզադահլիճի պատերին՝ ներսի կողմից։ Բայց հանձնաժողովի նախագահը մեզ մխիթարեց, որ մարզադահլիճի դուռը բաց է եղել եւ յուրաքանչյուր ոք կարողացել է դեռ մեկ ամիս առաջ գալ ու ստուգել դրանք։ 
Ոմանք տեղյակ չէին անգամ, թե ինչ կուսակցությունից են։ 
Երբ ճաշն ավարտելուց հետո հանձնաժողովի անդամը եկավ վերջապես զբաղեցնելու իր տեղը, այսպիսի բլից զրույց եղավ մեր միջեւ․
- Ո՞ր կուսակցությունից եք։ 
- Հանրապետական։ 
- Ո՞նց, Դուք էլ եք Հանրապետական, հանձնաժողովի նախագահն է՞լ։ 
Նախագահը արագ միջամտեց՝
- Հանրապետական չի։ Բա դու հանարապետակա՞ն ես։ 
- Վայ չէ, չէ։ Բա ի՞նչ էի․․․ Բա ի՞նչ էի․․․
- Դու Օրինաց երկիր ես։ 
- Հա, վայ, Օրինաց երկիր։ 

Մեզ ընթացքում փորձեցին հյուրասիրել, ի վերջո ժամը 14-ի դրությամբ առաջին լրագրողը կամ դիտորդն էինք, որ ոտք էինք դրել այդ տեղամաս, վերջում էլ շատ էին ուզում լսել, որ ամեն բան լավ էր։ Բանավիճելու տրամադրություն չունեի՝ այնքան էին հյուրընկալ էր հանձնաժողովը։ Միայն խոստովանեցի, որ տարածքում խաղաղ է։ Կարեւորն էլ դա է։ Կարող էին, չէ՞, տուրուդմփոցներ լինել։ Չնայած ինչ տուորուդմփոց։ Այնտեղ արդեն տիրում էր միակուսակցական իդիլիան։ Կեցցե նոր սահմանադրությունը։ 

ՀԳ -- Կարդացեք նաեւ Ռոման Ուդոտի գրառումները այս եւ բազմաթիվ այլ խախտումների մասին։